«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ կստանա IFC-ից

15:45 • 20.01.12

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ կստանա Համաշխարհային բանկի խմբի անդամ «Միջազգային ֆինանսական կորպորացիայից» (IFC), որը բանկն ուղղելու է տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ գյուղատնտեսության ոլորտում), վարկավորման ընդլայնմանը։

Այս մասին հայտնի դարձավ այսօր երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

«IFC-ից ստացվող այս նոր վարկն ավելի կզարգացնի մեր կարողությունները՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում` ներառյալ գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Սա IFC-ի հետ մեր հաջող համագործակցության նոր փուլ է, և այս նոր վարկով IFC-ն զգալիորեն ամրապնդում է մեր ամենախոշոր վարկավորողներից մեկը լինելու իր դերը: Միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորումը շատ կարևոր է մեր երկու հաստատությունների համար»:

Ի դեպ, վարկի տրամադրման մասին պամանագիրը երկու կողմերի միջև ստորագրվեց հենց մամուլի ասուլիսի ժամանակ: Գիշյանի տեղեկացմամբ՝ վարկերը տրամադրվելու են գործող տոկոսադրուքներով:

«Տարբեր ոլորտներում դրանք տարբեր կլինեն և տոկոսային սահմանափակումներ չեն նախատեսվում: Միջինը կլինի 15-16 տոկոս: Իսկ պետության կողմից սուբսիդավորում նախատեսված չէ»,-ասաց նա:

Բանկի գործադիր տնօրենի խոսքերով՝ չնայած գյուղատնտեսությանը վարկավորումը մեծ ռիսկեր է պարունակում՝ կապված կլիմայական պայմանների հետ, բայց գյուղացիների հետ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» ավելի շատ է սիրում աշխատել:
«Ի տարբերություն շատ բանկերի, մենք վարկեր տրամադրում ենք գյուղատնտեսության բոլոր ճյուղերին: Լավ աշխատանքի շնորհիվ ռիսկի գործոնը նվազեցնում ենք»,-ասաց նա:

Ի դեպ, այս վարկը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին IFC-ի կողմից տրամադրված երկրորդ վարկն է. 2011թ-ի մարտին IFC-ն տրամադրեց Բանկին 20 մլն ԱՄՆ դոլար վարկ, որն արդեն ամբողջությամբ օգտագործվել է՝ մոտ 3000 տեղական հաճախորդներին օժանդակելու նպատակով:

IFC-ի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանը հույս հայտնեց, որ երկու կողմերի միջև հաստատված տասը տարվա համագործակցությունը դեռ երկար կշարունակվի: