Մեզ մի ներքաշեք քաղաքականության մեջ . ՀՀ ոստիկանություն
Երեկ Աշոտ Ավետիսյանի̀ «Բանգլադեշցի Համոյի» կալանավորման առնչությամբ այսօրվա մամուլում հրապարակում կար, որ սա ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրեժն է Ավետիսյանից, քանի որ նա և Գասպարյանը տևական ժամանակ վատ հարաբերություններ են ունեցել, և հիմա ոստիկանապետն իր բարդույթներն է հաղթահարում: Այս կապակցությամբ մեկնաբանություն է տվել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանությունը վրեժխնդրությամբ չի զբաղվում, ոստիկանությունը ծառայում է օրենքին, հանցագործություն է բացահայտում, հանցագործ է բռնում։ Ավելին` վրեժխնդրությունը հակառակ է Վլադիրմիր Գասպարյանի կերպարին, հավատին ու սկզբունքներին»,- Tert.am-ին ասաց Ահարոնյանը:
Նա ավելացրեց, որ բարոյական չէ հանցագործին մեկուսացնելն ու հասարակական կարգի պահպանման գործառույթի իրականացումը վրեժխնդրություն կոչելը:
Ինչ վերաբերում է ոստիկանության պետի կոնֆլիկտին, ապա Ահարոնյանը նշեց, որ ոստիկանության պետի և կրիմինալի կոնֆլիկտը «սկզբունքային է, պրոֆեսիոնալ և զուտ Քրեական օրենսգրքի շրջանակներում»:
ՀՀ ոստիկանության մամուլի պատասխանատուն հայտնեց նաև, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից փորձ է արվում այս կարգի տեղեկատվությամբ Վլադիմիր Գասպարյանին և ոստիկանությունը ներքաշել քաղաքականության և ինչ-ինչ գործընթացների մեջ, որոնց հետ Գասպարյանն ի պաշտոնե չի կարող առնչություն ունենալ թե՛ օրենքով, թե՛ սկզբունքորեն:









