Բանավեճ «ոչխարների» և «տղամարդկանց» մասին՝ Վարդան Այվազյանի և Ֆելիքս Խաչատրյանի միջև

13:58 • 20.01.12

Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի և Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀԺԿ-ի անդամ Ֆելիքս Խաչատրյանի «Հայելի» ակումբում տեղի ունեցած այսօրվա բանավեճին մասնակիցները մի շարք ուշագրավ հայտարարություններ և բացահայտումներ արեցին:

Մասնավորապես, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչը Վարդան Այվազյանին տեղեկացրեց, որ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «խոտան» է համարել ողջ Ազգային ժողովը, Վարդան Այվազյանն ասաց, որ նման բան հայտարարողը «ոչխար ա»:

Այս մթնոլորտում բանավեճը ընթացավ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի և օլիգարխ պատգամավորների հետ կապված խնդիրների շուրջ: Ընդդիմության ներկայացուցիչը պաշտպանեց ՀՅԴ-ի և «Ժառանգության»̀ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը: Իսկ չորս անգամ պատգամավոր դարձած Վարդան Այվազյանը հակադարձելով̀ հայտարարեց, որ երկու անգամ ԱԺ-ում ներկայացված է եղել մեծամասնական, երկու անգամ̀ համամասնական ընտրակարգերով, սակայն դրանից իր աշխատաոճը չի փոխել: Սրանից հետո Վարդան Այվազյանը հայտարարեց, որ իր հետ Չարենցավանում մեծամասնական ընտրակարգով պայքարելու համար ՀԱԿ-ում «տղամարդ» է ման գալիս:

«Էս ա ձեր տղամարդկությունը»,- ի պատասխան ՀՀԿ պատգամավորի արտահայտության արձագանքել է Ֆելիքս Խաչատրյանը՝ ցույց տալով 1995 թ. օրվա իշխանության̀ ՀՀՇ –ի խորհրդարանում ներկայացված «Հանրապետություն» բլոկի ցանկում Վարդան Այվազյանի անուն-ազգանունը: