«Ձերբազատվե՛ք «զոնալներից»».Սուրեն Աբրահամյանը՝ Մանվել Բադեյանին
Այսօր «Հայելի» ակումբում Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը և ԱԺ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը բանավիճեցին ընտրությունների շուրջ:
Ազատ, արդար ընտրությունների մասին խոսող հանրապետական պատգամավորին Սուրեն Աբրահամյանն առաջարկեց նախ ձերբազատվել այսպես կոչված «զոնալներից»̀ ընտրություններին «զոն նայող» թաղային հեղինակություններից: ՀԱԿ Շենգավիթի շտաբի նախկին պետ Սուրեն Աբրահամյանը անգիր հիշում է, թե 2007 թվականին, որ թաղամասում ով էր «համակարգում» այդ դերը. Նորագավիթում̀ «Կարամելի Հարութը»̀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, Յոնջլախում̀ «Կադիլակ Սերոժը» և այսպես շարունակ:
Մանվել Բադեյանն էլ հայտարարելով, թե ազատ, արդար ընտրությունների անցկացման դեպքում ինքը պատրաստ է, եթե անգամ պարտվի, սեղմել հակառակորդի ձեռքը, ավելացրեց, որ ՀՀ յուրաքանչյուր ազնիվ և գրագետ քաղաքացի կարող է դառնալ պատգամավոր: Անկախ նրանից, թե գործարար է, կուսակցական, թե անկուսակցական:
Վերջին տեսակետի հետ Սուրեն Աբրահամյանը համաձայնեց միայն տեսականորեն՝ նշելով, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ապրող ամեն մի գիտակից քաղաքացի գիտի, որ նման բան հնարավոր չէ:









