Միջոցառումների շարք` նվիրված բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարությունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ ինչպես զորամասերում, այնպես էլ հանրապետության մարզերում:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն ասաց. « Նախ հունվարի 27-ին, երեկոյան, մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու հանդիսավոր տոնական միջոցառում, որն իր շքեղությամբ և բեմական լուծումներով աննախադեպ է լինելու»:
Կարապետյանը նաև ասաց, որ հունվարի 28-ին ՊՆ ԶՈւ ղեկավար կազմը, ինչպես նաև արցախյան պատերազմի մասնակիցներնը այցելելու են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին, որոնք կանգնած են եղել ԶՈՒ կազմավորման ակունքներում:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին լրանում է ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձը; Հայոց ազգային բանակն ստեղծվեց Արցախյան պատերազմի օրերին`1992թ. :
«Այնուհետև, նույն օրը, հունվարի 28-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և բանակի 20 տարիների ընթացքում մեծ ավանդ ունեցած անձինք պարգևատրվելու են ՊՆ գերատեսչական մեդալներով»,- տեղեկացրեց նա` ավելացնելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ:
«Այսքանը հիմնական միջոցառումներն էին, սակայն կան բազմապիսի այլ միջոցառումներ, որոնք տեղի են ուենանալու զորամասերում, մարզերում: Կան մեծ թվով այլ միջոցառումներ: Կրթական հաստատություններից կլինեն փոխադարձ այցեր զորամասեր, աշակերտների և ուսանողների համար կանցկացվեն դասընթացներ ՀՀ բանակի վերաբերյալ»,- ավելացրեց Դավիթ Կարապետյանը:









