Չելյաբինսկում ռուսների թիվը գնալով նվազում է, հայերի թիվը՝ աճում

13:58 • 20.01.12

Ռուսաստանում ամփոփվում են 2010թ. համառուսական մարդահամարի արդյունքները։

Ինչպես հաղորդում է ռուսական Chel.aif.ru կայքը, ամփոփման արդյունքում նոր հետաքրքիր տվյալներ են բացահայտվել. պարզվել է, որ Չելյաբինսկի մարզի տարածքում (Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, գտնվում է Ուրալի դաշնային շրջանի կազմում) գնալով կրճատվում է ռուսների, թաթարների, ուկրաինացիների, գերմանացիների թիվը։

Այսպես, վերջին 8 տարիների ընթացքում (նախորդ մարդահամարն անցկացվել է 2002թ.) 5 տոկոսով կրճատվել է ռուսների թիվը, 12 տոկոսով՝ թաթարների, 2,5 տոկոսով՝ ղազախների և բաշկիրների, մեկ երրորդով՝ բելառուսների, ուկրաինացիների, գերմանացիների և մորդվինների թիվը։

Կայքն ընդգծում է, որ վերջին 8 տարիների ընթացքում միայն հայերի թիվն է ավելացել՝ այն էլ ավելի քան 8 տոկոսով։

Մարդահամարի վերջին տվյալների համաձայն՝ Չելյաբինսկի մարզի բնակչության ընդհանուր թվի մոտ 84 տոկոսը կազմում են ռուսները, 5,5 տոկոսը՝ թաթարները, մոտ 5 տոկոսը՝ բաշկիրները,1,5 տոկոսը՝ ուկրաինացիները, 1 տոկոսը՝ ղազախները, 0,5 տոկոսը՝ գերմանացիները, 0,4 տոկոսը՝ բելառուսները և մորդվինները, 0,3 տոկոսը՝ հայերը և 0,2 տոկոսը՝ նագայբակներ։