Մեծամասնական ընտրակարգը իշխանության համար վերարտադրվելու լավ միջոց է. Արմեն Ռուստամյան

12:46 • 20.01.12

Ընդդիմության և իշխանության միջև հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի հետ կապված սկզբունքային տարաձայնություններ չկան և հարցի լուծմանը կարելի է հասնել համախոհությամբ: Այս մասին այսօր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցության հրավիրած համաժողովի ընթացքում հայտարարեց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Նույն հանրապետականները հայտարարել են, որ իրենք կամաց-կամաց գնում են համամասնական ընտրակարգին: Ուրեմն ինչո՞ւ հիմա չգնանք այդ քայլին, հենց այս ընտրություններից առաջ: Ինչու՞ սպասենք մյուս ընտրություններին: Եթե իշխանությունները ուզում են պահպանել իշխանությունը պետք է վերընտրվեն, ոչ թե վերարտադրվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունների վերարտադրման և ընդդիմությանը դուրս թողնելու համար կարևոր գործիք է հանդիսացել մեծամասնական ընտրակարգը:

«Եթե չեք ուզում այս հարցը լուծել, ուրեմն ձեր թիվ մեկ խնդիրը վերարտադրումն է: Ամբողջ աշխարհը այս ճանապարհով է գնում: Մենք գործ ունենք մի վիճակի հետ, որ չեն ուզում մեկնարկային առավելությունը ձեռքներից բաց թողնել: Սա ազնիվ մրցակցություն չի»,- ասաց Արմեն Ռուստամյանը և ավելացրեց, որ իշխանության համար գլխավոր խնդիրը բոլորովին էլ սահմանափակ ժամանակը չէ և այն չի կարող առաջացնել ընթացակարգային խնդիրներ:

«Մենք ոչինչ չենք ավելացնում, մենք պակասացնում ենք, այդ պատճառով ընթացակարգային բարդություններ չեն լինի: Մենք միայն ավելի կհեշտացնենք ու կպարզեցնենք գործընթացը»,-ասաց նա: