ԱԺ-ում քննարկվեց դատաիրավական բարեփոխումների ծրագիրը
Այսօր Ազգային Ժողովում հրավիրված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2011-2016թթ. ծրագրի խորհրդարանական լսումների հիմնական շեշտադրումը վերաբերում էր դատաիրավական համակարգի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անկախությանը, որին հասնելու համար առաջարկվեց փոփոխության ենթարկել դատավորի նկատմամբ սահմանված կարգապահական պատասխանատվության վարույթի մեխանիզմները:
Առաջարկվեց դատավորներին պատասխանատվության ենթարկել, եթե վերջիններս պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտավարությունները և առաջ բերել հասարակության անվստահությունը դատական համակարգի նկատմամբ:
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված այս ծրագիրը մանրամասն ներկայացրեց նախարար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով ծրագրի մի շարք կարևոր հարցերի` Թովմասյանը դրանց մեջ առանձնացրեց այլընտրանքային դատաիրավական հարցերի ծառայության մատուցման գործիքների ստեղծումը, որը, ըստ նրա, կապահովի պատժի կիրառման ընթացքում ազատազրկվածներին ներառել հանրային աշխատանքում, ինչպես նաև տանել կինո և թատրոն:
Նախարարը կարևորեց դատավորների աշխատավարձերի հարցը, որը թեև ըստ նրա, վերջին շրջանում բարձրացվեց, այդուհանդերձ այն որպես անկախություն և առավել օբյեկտիվություն ապահովելու միջոց դեռևս բավարար չէ:
Դատաիրավական համակարգի ներկայացուցիչները միանշանակ համոզված են, որ ծրագրում ներառված են ոլորտի գրեթե բոլոր խնդիրները՝ այն դարձնելու առավել թափանցիկ և մատչելի: Սակայն նրանք նույնպես չհերքեցին, որ կատարելությունը սահմաններ չունի:
ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ չնայած ծրագրի շրջանակում լուրջ աշխատանք է կատարվել, բարեփոխումների կարիք դեռևս կա:
Դավիթ Հարությունյանը դժգոհ է նաև ծրագրում բաժինների բացակայությունից՝ինչպես օրինակ կրթական ոլորտը:
Առաջարկվեց նաև ստեղեծել անչափահասների գործերով առանձին դատարան: Նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այս պահին դահիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, ունենք ընդամենը 18 անչափահաս դատապարտյալ:









