Կանադան ռուս դիվանագետների է վտարել. մամուլ

12:18 • 20.01.12

Կանադական նավատորմում լրտեսության սկանդալից հետո, երկրի իշխանությունները վտարել են Օտտավայում Ռուսաստանի դեսպանատան չորս աշխատակիցների: Կանադական CTV News հեռուստաալիքն այսօր հաղորդել է, որ դիվանագետները վտարվել են «օտարերկրյա անձանց» օգտին լրտեսության մեջ կասկածվող ռազմածովային սպա Ջեֆրի Փոլ Դիլայլի կալանքից հետո (վարկածի համաձայն` սպան տեղեկություններ է փոխանցել ռուս դիվանագետներին):

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Օտտավայում Ռուսաստանի դեսպանատունն այս տեղեկությունը չի հաստատում: Նշվում է միայն, որ դիվանագետները ոչ թե վտարվել են, այլ լրացել են նրանց գործուղման ժամկետները:

Ինչպես նշում է CTV News-ը, 40-ամյա Դիլայլի նկատմամբ կասկածներից և ոչ մեկը պաշտոնապես չի հաստատվել: Նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել 2001 թվականի դեկտեմբերին ընդունված «Տեղեկատվության անվտանգության մասին» օրենքի շրջանակներում:

Կանադայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: