Ամերիկյան արդեն երկրորդ ավիակիր հարվածային խումբը հասել է Արաբական ծով
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` Abraham Lincoln- ի գլխավորությամբ, հասել է Արաբական ծով:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, խումբը մարտական հերթապահություն կիրականացնի Carl Vinson ավիակրի հետ: Իսկ John C. Stennis ավիակիրը տարածաշրջանը լքել էր օրեր առաջ:
Պենտագոնը հայտարարել է, որ Պարսից ծոցում միանգամից երկու ավիակիրների առկայությունը ոչ մի արտասովոր բան իրենից չի ներկայացնում և կապված չէ Իրանի շուրջ իրավիճակի սրմամբ (Իրանը սպառնացել է փակել Պարսից և Օմանի ծոցերն իրար կապող Հորմուզի նեղուցը, եթե երկրի հանդեպ պատժամիջոցներ մտցվեն):
Հունվարի 23-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվելու է իրանական նավթի արտահանման նկատմամբ արգելք մտցնելու հարցը:









