Քաղաքական ուժերը հավաքվել են, որ չբռնաբարվի ժողովրդի կամքը

17:08 • 20.01.12

Այսօր «Էրեբունի պլազայում» ՀՅԴ-ի և «Ժառանգության» կազմակերպած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված համաժողովի ներկայացվածության մակարդակը բավական տպավորիչ էր։ Քննարկմանը եկել էին անգամ գաղափական հակասություններ ունեցող այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսիք էին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ազատ դեմոկրատները»:

Մասնակցում էին նաև ԲՀԿ, ՕԵԿ, «Ազգային համաձայնություն», «Հայաստանի դեմոկրատական», «Մայր հայրենիք», «Միավորված աշխատանքային կուսակցության» կուսակցությունները և մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ներկայացուցիչներ: Տպավորիչ էր նաև այն համերաշխությունը, որով քաղաքական տարբեր բևեռներում գտնվող այս ուժերը ցույց տվեցին, որ ոչ միայն ի վիճակի են հավաքվել մեկ դահլիճում, այլև փոխհամաձայնության գալ մի գաղափարի շուրջ, որը պաշտպանում են:

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս ներկայացնելով այն հիմնավորումները, որ պետք է անցնել ամբողջապես հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, առաջարկեց այս հարցով անցկացնել պլեբեսցիտ. ի վերջո, «Հանրաքվեի մասին» օրենքում արված փոփոխությունները հենց նման դեպքերի համար են նախատեսված:

Այս գաղափարը պաշտպանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ սա թույլ կտա «քաղաքական խորհրդարան» ձևավորել: Զոհրաբյանը շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է, բայց, այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ համագումարի կողմից միաձայն ընդունված ծրագրում ամրագրված է, որ ԲՀԿ-ն կողմ է բացարձակ համամասնական ընտրակարգին։

«Մտովի եկեք մտաբերենք, թե 41 մեծամասնական պատգամավորներից քանիսի՞ն ենք մենք ճանաչում, եւ քանի՞սն են, որ ներկայացնում են այն ընտրատարածքի շահերը, որտեղից իրենք ընտրված են»,- հարցրեց պատգամավորը: Նախկինում լրագրող Նաիրա Զոհրաբյանը ժամանակին հարցում էր անցկացրել և պարզել, որ նախորդ խորհրդարանում ևս մեծամասնականով ընտրված պատգմավորներին ժողովուրդը չէր ճանաչում:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ԵԽ-ում դեմ են հարյուր տոկոսանոց համամասնական ընտարակարգին` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նրանք իրավունք չունեն Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնելու և կարող են ընդամենը խորհուրդ տալ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանեց իրենց քաղաքական ընդդիմախոսների այն հակափաստարկին, թե Ռուսաստանում, որտեղ անցել են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, « փոշմանել են» և ուզում են վերադառնալ: Ըստ Հովհաննիսյանի̀ այս զուգահեռը տեղին չէ, քանի որ Ռուսաստանը, ինչպեսև̀ Չինաստանը մեծ տարածք զբաղեցնող երկրներ են, որտեղ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը անանարդյունավետ է:
«Բայց Հայաստանն այդ երկրների մի օկրուգի չափ է»,- նկատեց նա:

Նշենք, որ համաժողովի նախօրեին ՀԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ աջակցում է խորհրդաժողովի կազմակերպիչներին և կաջակցի նաև դրա ընթացքում ընդունված ցանկացած որոշման, որը միտված կլինի ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ավելացրեց, որ քաղաքական ուժերի խնդիրը մեկն է̀ ջախջախել ընտրակեղծիքների մեքենան, այլապես «ժողովրդի կամքը հերթական անգամ բռնաբարվելու է»:

Այն, որ քննարկմանը մասնակցում են այդ թվով քաղաքական ուժեր, ըստ Զուրաբյանի վկայում է, թե որքան լուրջ է ընտրությունների կեղծման վտանգը և դրա գիտակցումը:

Զուրաբյանը նկատեց, թե Հայաստանում կա կես միլիոն «ուրվականների խնդիր»: Այս ուրավականները մարդիկ են, որ չլինելով Հայաստանում, ինչ-որ հրաշքով քվեարկում են:

ՕԵԿ-ից էլ Հովհաննես Մարգարյանն արձանագրեց, որ նախորդ տարիների ընթացքում մեծամասնական ընտրակագով պատգամավորների թիվը նվազել է՝ պայմանավորված ընտրական օրենսգրքի փոփոխությամբ։ Ըստ Մարգարյանի̀ ՕԵԿ-ը կողմ է: Որ փուլ առ փուլ նվազումը շարունակվի:

Ըստ Հովհաննես Մարգարյանի ̀ ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելուց առաջ բավականաչափ աշխատանքներ պետք է արվեն:

Ամեն դեպքում, կուսակցության անունից ՕԵԿ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ իրենք ևս կմիանան հետագա քննարկումներին:

«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը ևս կողմ արտահայտվեց 100 տոկոսով համամասնականի անցնելուն՝ նշելով, որ այդ կերպ կբացառվի իշխող կուսակցության վերարտադրվելու հնարավորությունը։ Արսենյանի կարծիքով՝ իշխանություննեը մեծամասնական ընտրակարգն օգտագործում են այնպես, ինչպես սպորտսմենները`դոպինգ:

«Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելով՝ կբացառենք դոպինգի կիրառումը իշխող կուսկացության կողմից»,- ասաց Արսենյանը` ավելացնելով, որ Հայաստանի պարագայում հակադոպինգային մարմինը կարող է լինել ժողովուրդը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ իր հերթին, ասաց, որ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» պետք է հասկանա, որ մի օր իրենք կարող են դառնալ ընդդիմություն:

«Հանրապետականը պիտի հասկանա, որ մի օր ինքն էլ կարող է դառնալ ընդդիմադիր, և խնդրի, որ համամասնականը մնա»,- ասաց նա:

Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հիմնական ընդդիմախոս ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանն էլ ասաց, թե իր համար պարզ չէ, թե ինչու է այսօր քաղաքական օրակարգում այս հարցը դարձել առաջնային խնդիր քաղաքական տարբեր ուժերի համար: Նա նաև ասաց, որ պետք է հերքել այն փաստարկները, ըստ որոնց 100-տոկոսանոց համամասնական ընտրակարագի անցնելը Սահմանադրության պահանջն է:

«Սահմանադրությունը նման բան չի պահանջում: Նման բան գոյություն չունի»,- ասաց նա: Նահապետյանի կարծիքով`այսօր Հայաստանը պատրաստ չէ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

«Մենք քաղաքական բարեփոխումների կարիք ունենք»,- ասաց նա` ավելացնելով, որ դա չէ, որ պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրություններ: Նահապետյանը նաև նշեց, որ միջազգային պարտավորություններին համապատասխանող է համարվում այն ընտրակարգը, որի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվում: