ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Դաշնակցության ներկայացուցիչների հետ չեն զրուցել Քոչարյանի հարցով
«Եթե Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները խոսելու լինեին Դաշնակցության հետ, կխոսեին կուսակցության կենտրոնական, այստեղ` Երևանում գտնվող կառույցի հետ և ոչ թե ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ»,- Tert.am-ին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեր խնդրանքով անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի այսօրվա այն հրապարակմանը, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ:
«Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ նման բան չի եղել»,- ընդգծեց Մանոյանը:
Հիշեցնենք, որ օրաթերթն այսօրվա իր համարում մասնավորապես գրել էր. «Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ի աղբյուրը՝ ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց համար դեպքերի անցանկալի ընթացք է: Նրանք սպառնացել են Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներին, որ եթե ՀՅԴ-ն շարունակի քոչարյանամետ քաղաքականություն, ապա իրենք այլևս աչք չեն փակի իրենց հայտնի «շատ փաստերի վրա»:









