BBC-ն Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել
BBC բրիտանական ընկերությունն այս գիշեր ցուցադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին «Պուտին. Ռուսաստանն ու Արևմուտքը» 4-սերիանոց վավերագրական ֆիլմի առաջին մասը:
«Հսկողության տակ վերցնել» խորագրով առաջին սերիայի զգալի մասը նվիրված է Ռուսաստանի և Արևմուտքի երկրների մերձեցմանը: BBC կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ներկայացվում են կադրեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների` 2001թվականի հանդիպումից, երբ այն ժամանակ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի խոսքով` նա «խորասուզվել» է Պուտինի աչքերի մեջ և «տեսել նրա հոգին»:
Նաև առաջին մասում նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսը և Քոլին Փաուելը հիշել են Պուտինի «մարգարեության» մասին, երբ նա հայտարարել է Պակիստանի, Աֆղանստանի և «Թալիբան» շարժման կողմից սպառնալիքի մասին: Հենց այդ սպառնալիքը, ֆիլմի հեղինակների խոսքով, «անսպասելիորեն» նպաստեց Ռուսաստանի ու Արևմուտքի մերձեցմանը:
Նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը պատմել է, թե ինչու Ռուսաստանը թույլատրեց ԱՄՆ-ին օգտագործել Միջին Ասիայի ռազմաբազաները: Նրա խոսքով` ռուսական կողմը հույս է ունեցել, որ ամերիկացիները կոչնչացնեն ահաբեկիչներ պատրաստող ճամբարները կամ գերի կվերցնեն նրանց ու կփոխանցեն Ռուսաստանին: Բացի դրանից, ըստ Իվանովի, թալիբներն առաջարկել են Ռուսաստանին միավորվել ԱՄՆ-ի դեմ պայքարում, սակայն այդ առաջարկությունը Մոսկվայի կողմից մերժվել է անգլալեզու հանրահայտ fuck off բառով:
Առաջին սերիայի եզրափակիչ հատվածը նվիրված է 2000-ական թվականների իշխանություն- բիզնես հարաբերություններին: Մասնավորապես` խոսքը Ռուսաստանի ամենահարուստ մարդու` ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մասին է, թե ինչու նա հայտնվեց բանտում: Ֆիլմի հեղինակների խոսքով` պատճառը 2003 թվականի փետրվարին պետղեկավարության և խոշոր գործարարների հետ հանդիպմանը բիզնեսմենի ելույթն էր, որտեղ նա հայտարարել է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին:
Ֆիլմի գլխավոր հեղինակը հեռուստալրագրող Նորմա Պերսին է:
Պուտինը 2000 -2008 թվականներին եղել է Ռուսաստանի նախագահը: Նա մտադիր է կրկին նախագահ դառնալ մարտի 4-ին կայանալիք ընտրություններում:










