Շուշան Պետրոսյանը վատառողջ չէ, կենգուրուներն էլ լավ են

21:17 • 20.01.12

Շուշան Պետրոսյանի վատառողջ լինելու մասին օրերս տարածված լուրերի հիմնավորվածությունը ճշտելու համար Тert.am-ը կապվեց երգչուհու հետ: Շուշան Պետրոսյանը մեր հարցերին պատասխանեց… Ավստրալիայից: Նա հերքեց առողջական որևէ խնդիր ունենալու մասին ասեկոսեները, հայտնեց, որ պարզապես Երևանում չէ` հանգստանալու է մեկնել Ավստրալիա, որտեղ և մնալու է մինչև մարտ ամիս: Պարզվեց, որ երգչուհին այնտեղ է մեկնել փոքր որդու հետ, իսկ մեծը Նյու Յորքում է: Ավստրալիայում` Սիդնեյում, մնում է մոր` օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ: Այնտեղ նաև բազմաթիվ ընկերներ ունի: Խոսելով արտասահմանում հանգստանալու ֆինանսական կողմի մասին` Շուշան Պետրոսյանն ասաց, որ «հանգիստ» ասվածի մասին իր ընկալումներն ունի, որոնք ոչ մի դեպքում չեն ենթադրում հանգստյան տներ կամ մեծ ծախսեր: Ավստրալիայում կոնկրետ իր հանգստի մասին Շուշանն ասաց, որ այնտեղ կան բոլոր պայմանները լիարժեք հանգստի համար, որ իրեն բավական է մեկ գավաթ սուրճը, զբոսանքները լողափին, որ կատարում է հիմնականում որդու հետ: Շուշան Պետրոսյանը մեծ ոգևորությամբ պատմեց Սիդնեյի Օպերայում իր տեսած ներկայացման մասին. դիտել էր Պուչինիի «Տուրանդոտը»: Ի դեպ, այնտեղ Շուշանին այնքան էլ չեն թողնում հանգստանալ. արդեն իսկ նրա մասնակցությամբ ջազ երեկո է նախատեսվում: Զրույցի վերջում ևս մեկ անգամ հաստատելով, որ առողջական խնդիրների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և պատասխանելով մեր կատակ-հարցին` Շուշանն ասաց, որ կենգուրուները ևս լավ են, ռեժիմով ապրում են, կարգին սնվում, օդը մաքուր է և առհասարակ ամեն ինչ լավ է: