Իսրայելի իշխանությունները ձերբակալել են Պաղեստինի խորհրդարանի նախագահին
Իսրայելի ոստիկանները Ռամալլահ քաղաքի ստուգիչ անցակետում հինգշաբթի երեկոյան ձերբակալել են Պաղեստինի խորհրդարանի նախագահ Ազիզ Դվեյկին: Ինչպես գրում է Jerusalem Post-ը, նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության մեջ:
«Համաս» իսլամիստական շարժման առաջնորդներից մեկը համարվող Դվեյկն իսրայելական բանտից ազատ էր արձակվել 2009 թվականի կեսերին` այնտեղ անցկացնելով մոտ երեք տարի:
«Համաս»-ը ներկայացնող պաղեստինյան նախարարների և խորհրդարանականների մի մեծ խմբի հետ Դվեյկը պահառության տակ էր վերցվել 2006 թվականի հունիսին, անմիջապես այն բանից հետո, երբ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածի սահմանին պատանդ վերցրեցին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին:









