Քաղաքապետը պարգևներ է հանձնել «Սրտաբանություն» ԳՀԻ 50-ամյա հոբելյանի առիթով

18:34 • 20.01.12

«Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների և նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:

Ըստ քաղաքապետարանի կայքի`հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար, «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի 50 ամյակի, ինչպես Կառլեն Ադամյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Տարոն Մարգարյան վերջինիս պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով հյուրերին գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաև ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության զարգացմանը և իրենց մատուցած որակյալ ծառայություններով բնականոն կյանքի վերադարձրել հազարավոր մարդկանց:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:

Առողջապահության համակարգում երկարատև,բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: