Հովհաննես Թումանյանի տունը չի վաճառվի

18:11 • 20.01.12

«Հովհաննես Թումանյանի տունը չի վաճառվի»,- այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով այս օրերին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վերջին աղմուկները, կապված հայ դասական Հովհ. Թումանյանի տան վաճառվելուն այնքան էլ իրական չեն: «Մենք հանդիպել ենք այդ տան սեփականատիրոջ հետ, շատ արդյունավետ բանակցություններ իրականացան, տան տերը` Լեժավան, շատ ստույգ մեզ ասաց, որ ինքը գիտի, որ դա հայ մեծանուն գրողի տունն է, և տաս տարի ոչ ոք չի մոտեցել ու չի ասել, թե ինչ է կատարվում այդտեղ, ու հիմա ուզում է ամուսնանալ, և այլ բնակարան չունի:

Մեզ ասաց, որ եթե մեկ ամսվա ընթացքում նույն թաղամասում նրան տանք համարժեք բնակարան, նա հանուն Թումանյանի, հանուն հայ ժողովրդի, բնակարանը կազատի և կվերադարձնի հետ։ Ահա այդքանն է»- ասաց փաստահավաք խմբի ղեկավար Լ. Անանյանը: Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ կլինի մեկ ամսվա ընթացքում, կտրվի՞ արդյոք Լեժավային այլ բնակարան, գրողների միության նախագահն ասաց, որ ինքը կգա և կզեկուցի կառավարությանը. «Ես լավատես եմ, և գալուց հետո կզեկուցեմ մեր կառավարությանը։ Կարծում եմ կլուծվի այդ հարցը»,- եզրափակեց իր խոսքը ՀՀ գրողների միության նախագահը: