Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում վառ է լինելու. Պուտին

00:10 • 20.01.12

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ 2018-ին առաջին անգամ Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ իրադարձություններից մեկն է դառնալու:

Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում Ռուսաստանի Ֆուտբոլի միության 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ Պուտինը հայտարարել է. «Այժմ մենք ակտիվ ու լարված աշխատանք ենք տանում` պատրաստվելով աշխարհի առաջնությանը»:

ՌԴ վարչապետը նաև ասել է, որ «այս մասշտաբային նախագիծը պետք է միավորի պետության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, երկրպագուների ջանքերը»:

«Եվ ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք արժանավայել կանցկացնենք առաջնությունը: Կանցկացնենք ֆուտբոլի պատմության ամենավառ առաջնություններից մեկը»,- ասել է նա:

Այնուհետև Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման երկիր ընտրելը վկայում է այն մասին, որ աշխարհն ընդունումո է սպորտի և ֆուտբոլի բնագավառում Ռուսաստանի վաստակը:

ՌԴ վարչապետը նաև իր երախտիքն է հայտնել ՖԻՖԱ-ին և ամբողջ համաշխարհային «ֆուտբոլային ընտանիքին» Ռուսաստանին այդ հնարավորությունն ընձեռելու համար:

Վլադիմիր Պուտինը խոսել է նաև այդ հարցում իր անձանական վաստակի մասին. «Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի Աշխարհի առաջնությունն անցնի Ռուսաստանում հենց նրա համար, որպեսզի բոլորս զբաղվենք ֆուտբոլի աջակցման հարցերով: Ասում են` մինչև կայծակը չխփի, մուժիկը չի խաչակնքվի, և ես կուզեի, որ այդ կայծակը ավելի վաղ լիներ և բոլորս զբաղվեինք այդ հարցով, քանի որ դա չափազանց կարևոր է»: