Նշվել է ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 37-րդ ամյակը
Հունվարի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ-ի) հիմնադրման 37-ամյակին:
Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո բացման խոսքով հանդես է եկել «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Աշճյանը:
Ապա ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին հայտարարվել է լռության րոպե, որից հետո հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Գուրգեն Յանիկյանի խոսքով համեմված տեսագրությանը:
ԱՍԱԼԱ-ի պատմությունը համառոտ ներկայացրել է «Երկաթե շերեփ», «Սփյուռք» պարբերականների խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազճյանը:
ԱՍԱԼԱ-ի դերը հայ իրականության մեջ ներկայացրել է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականության պետական թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Ելույթ է ունեցել նաև գրականագետ, հրապարակախոս, «Հայերի դատը Փարիզում» գրքի թարգմանիչ և կազմող Գրիգոր Ջանիկյանը:









