«Բոմժ», «հայվան», «համբալ» և, ինչո՞ւ չէ՝ «ոչխար». արդի հայ քաղաքական բառապաշարը

11:27 • 21.01.12

Օրերս սոցապ նախարար Արթուր Գևորգյանը կառավարության շենք մտնելիս «բոմժ» էր անվանել կառավարական շենքի մոտ ցույց անող մի քաղաքացու:

Հայաստանի արդի քաղաքական բառապաշարում դրանից առաջ մտել էին «համբալ», «հայվան» և բազմաթիվ այլ բառեր: Հիշեցնենք̀ ավելի վաղ նախագահական նստավայրի մոտ բողոքող ցուցարարներից մեկին «համբալ» էր անվանել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ հանրապետական Առաքել Մովսիսյանն էլ վիրավորել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին:

Երեկ էլ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «հարստացրեց» մեր երկրի քաղաքական բառապաշարը̀ «ոչխար» բառով:
«P-art« ընկերության տնօրեն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով̀ միանշանակ է, որ նախարարի հրապարակային հայտարությունը պետք է դառնա նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:

«Եթե ստեղծված է նման անունով հանձնաժողով, ապա այն պետք է քննի այս դեպքը, որովհետև պաշտոնյայի էթիկան այն չէ, թե նա ոնց է դանակ-պատառաքաղ բռնում»,-Tert.am-ին ասաց Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով̀ այս երևույթը նոր չէ, և չպետք է զարմանալ.«ինչու չէիք զարմանում, երբ ժամանակին «մոսկա» էին ասում կամ «կլիզմա» էին անում»,-հարցրեց քաղտեխնոլոգը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որն այս առնչությամբ հոգնել է զարմանալուց և զայրանալուց, վերհանեց պատճառը: Այն է. «նման «մշակույթ» են ցուցադրում, քանի որ զսպանակները̀ մարդու ներսի և դրսի բացակայում են»:

Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ այս որակումը նախարարը տվել է իր պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ: