Նիգերիայի հյուսիսում մուսուլմանների հարձակման զոհերի թիվը հասել է 120-ի
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում մուսուլման գրոհայինների հարձակման զոհ են դարձել առնվազն 120 մարդ: Այս մասին, շաբաթ օրը հաղորդել է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղի հիվանդանոցի տվյալներին:
Իսլամիստական ծայրահեղական «Բոկո Հարամ» կազմակերպության անդամները նախօրեին հարձակվել էին Կանո քաղաքի վրա:
Գործակալության թղթակցի պնդմամբ` Կանո քաղաքի դիահերձարանում նա անձամբ է հաշվել ավելի քան 100 դիակ: Բացի այդ, լրագրողը ուսումնասիրել է հիվանդանոցի աշխատակիցների գրառումները, որոնց համաձայն զոհվել է ավելի քան 120 մարդ: Զոհերի թիվը, ըստ ամենայնի, շատ ավելին է, քանի որ այլ հիվանդանոցների տվյալները դեռևս չեն ստացվել: Զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ո'չ իշխանություններից և ո'չ էլ բժիշկներից դեռևս չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, թե Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում պայթյունների հետևանքով 8, այնուհետև իբր 24 մարդ է զոհվել։









