Չինաստանի իշխանությունները լրագրողներին կտտանքների են ենթարկել`վախենալով հեղափոխություններից
Լրագրողների միջազգային ֆեդերացիան ( International Federation of Journalists) հունվարի 21-ին զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացրել է Չինաստանի իշխանությունների կողմից երկրի լրագրողների և բլոգերների նկատմամբ ճնշումների ավելացման փաստերը:
Կազմակերպության տվյալներով` Չինաստանի կառավարությունը ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներ է կազմակերպել, վախենալով երկրի տարածքում «արաբական գարնան» կամ «հասմիկների հեղափոխության» սցենարի կրկնությունից: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:
Արաբական երկրների հեղափոխությունների շարքը, հիմնականում, սկիզբ էր առնում սոցիալական ցանցերում կազմակերպվող միջոցառումներից: Այդ պատճառով, «արաբական գարնան» իրադարձությունները հաճախ անվանում են նաև Facebook-ով կատարված հեղափոխություններ: Չինաստանի իշխանությունները չափազանց ցավագին էին արձագանքել համացանցում հայտնված` «Չինական հասմիկների հեղափոխության» կոչին: Դրան հաջորդել է լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, մշակույթի գործիչների և քաղաքացիական ակտիվիստների անօրինական ձերբակալությունները, ապա նաև կտտանքները:
IFJ զեկույցի համաձայն, չինական մամուլի առնվազն 16 աշխատակից հեռացվել է աշխատանքից, իսկ մի շարք պարբերականներ փակվել են իշխանությանը չգոհացնող նյութերի համար: Բացի այդ, Չինաստանում չեն դադարում լրագրողների առևանգունմերը և սպանությունները:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան լրատվության ոլորտի պրոֆեսիոնալներին միավորող խոշորագույն կազմակերպությունն է աշխարհում: Այն հիմնվել է 1926թ.-ին: Այժմ, IFJ-ը պաշտպանում է 500 հազար լրագրողների մասնագիտական և սոցիալական իրավունքները:









