Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ. Արմեն Աշոտյան

15:42 • 21.01.12

Երևանում այսօր բացվեց ևս մեկ մամուլի ակումբ, որը կոչվում է «Դեբատ» և ակումբի ներկայացուցիչ Գոհար Նուրիջանյանի խոսքով լինելու է այլընտրանքային հարթակ:

Ըստ նրա` այստեղ հավաքվելու են «բանիմաց բանախոսներ», ովքեր կնպաստեն Հայաստանի պետականության ամրապնդմանը:
«Մեր ակումբը գործելու է հանուն այլ ոչ թե ընդդեմ»,- ասաց նա` ավելացննելով, որ ակումբը քաղաքական ոչ մի դիրքորոշում չի որդեգրել և չի էլ որդեգրի:

Ակումբի պաշտոնական բացմանը ներկա էին, «Ժառանգություն» խմբակցությունից Անահիտ Բախշյանը, «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր խոսքում նախ շնորհավորեց ակումբի բացման կապակցությամբ, իսկ հետո ասաց, որ նման հարթակները երբեք ավելորդ չեն:
«Բազմակարծիք հասարակություն կառուցելու համար և ոչ մի հարթակ ավելորդ չէ: Ինչքան էլ տրտնջում ենք թե շատ են լրատվամիջոցները, պետք է ասել որ դա լավ է»,- նկատեց նա:

Արմեն Աշոտյանը նաև ասաց, որ այսօրվա հայ հասարակությանն օդի պես անհրաժեշտ միավորվել, սակայն դեռ ընտրարշավը չսկսված արդեն սկսել են քաղաքական ստերը:

«Դեռ չմեկնարկած քարոզարշավը, ես որպես քաղաքացի արդեն իսկ նկատում եմ սուտ խոսացողներին, և այդ ամենն արվում է ԶԼՄ-ների միջոցով. կա ազնվության պակաս: Ես դա փաստում եմ որպես ՀՀ քաղաքացի»,- ասաց Աշոտյանը:

ԿԳ նախարարի կարծիքով համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ ստեղծված աղմուկը դա որոշ ուժերի քաղաքական շահերը հետապնդող գործընթաց է: Նախարարը նաև հիշեց հայտնի ասացվածքը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: