Պառակտման «ճղճիմ հույսեր» պետք չէ փայփայել. նախընտրական տեսակետներ ՀԱԿ-ից

17:14 • 21.01.12

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» անդամ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ ՀԱԿ-ի մաս կազմող 18 կուսակցությունների միջև համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հնարավորինս մեծ մասնակցություն ապահովելու հարցով ներքին պառակտումն անհրաժեշտ է իրենց հակառակորդներին:

Սակայն նա վստահեցնում է, որ նման «ճղճիմ հույսեր պետք չէ փայփայել», քանի որ եթե չորս տարի իրենք բանտարկությունների ու դժվարությունների միջով կարողացել են անցնել, ապա իրենց հակառակորդների մոտ այժմ ոչինչ էլ չի ստացվի:

Գուրգեն Եղիազարյանը դրանով հանդերձ իրեն տեսնում է համամասնականի ցուցակում, սակայն, թե որքանով է դա հնարավոր, վերջնական որոշումը նա թողնում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ի տարբերություն նրա` ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վերջնական որոշումը ոչ թե իրենց առաջնորդի հետ է կապում, այլ քաղխորհրդի քննարկման:

«Մեզ մոտ միանձնյա որոշումներ չեն կայացվում»,- ասաց նա: Տարբերակների ընտրության համար առաջարկած մեխանիզմների չափման կարգը նույնպես, ըստ նրա, կորոշվի ընդհանուր քննարկման արդյունքում, սակայն Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ ցուցակում ընդգրկվելն իրենց համար գերնպատակ չէ:

Այդուհանդերձ, վերջնական որոշման դեպքում հնարավոր դժգոհություններ նա չի բացառում: «Իհարկե կարող են տարբեր մարդիկ տարբեր նպատակներ ունենալ: Ի վերջո, պետք է հաշվի առնենք, որ որոշ մարդիկ նաև ոչ մի կուսակցության անդամ չեն, սակայն քաղաքական մեծ աշխատանքներ են իրականացրել»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` ցուցակներ ներկայացնելը հնարավոր է որոշ խնդիրներ առաջացնի, ինչը հատկապես դաշինքների համար նորմալ երևույթ է: Սակայն, ըստ նրա, դա չի կարող փորձաքար լինել, քանի որ ՀԱԿ-ը գիտակցում է, որ կարևորը ընդհանուր նպատակն է:
ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը, վկայակոչելով ավագանու ընտրությունների փորձը` նշեց, որ ցուցակում ընդգրկվելու որևէ խնդիր չի տեսնում: Իրեն ցուցակում տեսնելը նա չբացառեց, բայց հակառակ դեպքում էլ «աշխարհը չի փլվի»:

«Դա ինձ համար գերնպատակ չէ, ես արդեն հասցրել եմ ԱԺ-ում լինել 3 անգամ, ես նման ամբիցիաներ չունեմ »,- ասաց նա: Գրիգոր Հարությունյանի խոսքերով` դաշինքը գործել է 2008 թ-ից , իսկ ԱԺ ընտրությունները որևիցե բան չեն կարող անել այն պառակտելու համար: Նրա համոզմամբ ` համամասնական ցուցակում կլինեն արժանավորները, և դրանից հետո պարզ կլինի, թե քանի տեղ կհատկացվեն կուսակցություններին:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանն էլ ասաց, որ հերթական ընտրություններին մասնակցելու համար քննարկում չի եղել, ուստի ինքը կհրաժարվի որևէ գնահատական տալ: ՀԱԿ անդամի համոզմամբ ` այս պահին էլ իրենք մտածում են արտահերթ ընտրությունների մասին, քանի որ, ըստ նրա, դա է առաջնահերթը: Ցուցակում Սմբատ Այվազյանն իրեն տեսնում է, բայց դեռևս չի որոշել իր մասնակցության մասին: «Ընդհանուր առմամբ, ցուցակի կազմը էական չեմ համարում, ՀԱԿ-ը պետք է մտածի, թե ինչպես անի, որ երկիրը չդատարկվի, թե չէ մնացածը երկրորդական է»,- ասաց նա: