Հայ գործարարը Կալինինգրադում կին պաշտոնյայի է դանակահարել

10:24 • 21.01.12

Հայազգի գործարարը Ռուսաստանում ձերբակալվել է` կին պաշտոնյային մարմնական վնասվածք հասցնելու համար։

Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայը (անունը չի հաղորդվում) դանակի մի քանի հարված է հասցրել Կալինինգրադի մարզի Կրասնոզնամենսկի շրջանի համայնքային գույքի կառավարման բաժնի պետին։

«Կին պաշտոնյային դանակի մի քանի հարված 1966թ. ծնված ռուսաստանցի գործարարն է հասցրել, որին կին պաշտոնյան մերժել էր բիզնես վարելու համար տարածքի տրամադրման հարցում։ Գործարարին այդ հարցում երկու անգամ մերժել էին, այդ փաստը հունից հանել էր գործարարին և իշխանության ներկայացուցչի հետ զրույցը վերածվել էր վեճի, որն էլ ավարտվել էր դանակահարությամբ»,–գործակալության հետ զրույցում պատմել է ոստիկանության ներկայացուցիչը։

Փաստի առթիվ կատարվում է քննություն։ Կինը դանակի հարվածից ստացած չթափանցող մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։