Հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ, արձակվել է 1300 կրակոց

16:26 • 21.01.12

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:

Հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:

Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-19-ը: Այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: