Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 91 տարեկան
«Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այս տողերը մեծ երաժիշտ Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունն է: Նա այսօր կդառնար 91 տարեկան:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983) - հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ է:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: 1929-ին ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացու հյուսիսից»:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապադիան» գրել է 1950-ին:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը:










