Գինգրիչի ցնծությունն ու Ռոմնիի հիասթափությունը. ԱՄՆ-ի հանրապետականները նախագահի թեկնածու են ընտրում
ԱՄՆ հարավային Կարոլին նահանգում տեղի է ունեցել հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու դառնալու ներկուսակցական ընտրության հերթական փուլը:
Քվեների 90%-ի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ հաղթողը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչն է: Նա ստացել է ձայների 40%-ը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Երկրորդ տեղում է Գինգրիչի հիմնական հակառակորդ Միթ Ռոմնին` ձայների 27%-ով: Վերջինն արդեն ընդունել է պարտությունն ու շնորհավորել հաղթողին:
Ընտրությանը մասնակցել են նաև կոնգրեսական Ռոն Փոլն ու Պենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիք Սանտորումը, համապատասխանաբար 18 և 14%:
Փորձագետների կարծիքով, Գինգրիչի հաղթանակը հիմնականում բացատրվում է նրա հիմնական հակառակորդ Ռոմնիի անձի հետ: Բանն այն է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հարավային Կարոլինայի բնակչությունը բացասաբար է տրամադրված Ռոմնիի լիբերալիզմի հանդեպ: Մեկ այլ բացասական կողմ է համարվում Ռոմնիի` մորմոն լինելը: Սակայն Գինգրիչն ունի նաև իր սեփական առավելությունները: Ընտրողների կարծիքով նա իրեն շատ լավ է դրսևորել մրցակիցների հետ կայացած հեռւստաբանավեճերի ընթացքում: Նախկին խոսնակի վարկանիշն աճել է նաև Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի` ներկուսակցական պայքարից դուրս գալուց և Գինգրիչի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարոժելուց հետո: Փերիին շեշտել էր, որ հենց Գինգրիչն է ունակ այս տարվա աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում պարտության մատնել ներկա նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային:









