Սիբիրյան ցրտերը հասել են Իրաք. կյանքը Բաղդադում կաթվածահար է եղել

16:14 • 22.01.12

Սիբիրից ներթափանցած սառը հոսանքների պատճառով Իրաքի հյուսիսային և կենտրոնական շրջաններում անսովոր ցուրտ է: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս գիշեր օդի ջերմաստիճանը հասել է 5 աստիճան ցրտի, իսկ առավոտյան չի բարձրացել 0-ից:

50 աստիճան տաքության սովոր երկրում ցրտերը կաթվածահար են արել կյանքը: Բաղդադի փողոցները դատարկ են, նույնիսկ բացակայում են թափառական առևտրականները: Մարդիկ վառելանյութ փնտրում տաքանալու համար:

«Մեր տները կառուցված են` ելնելով մեր կլիմայից, արված են մեծ պատուհաններ, պատշգամբներ: Առանց ջեռուցման` մեզ չի փրկի նույնիսկ տաք հագուստը»,- ասել է բնակիչներից մեկը` Ուբու Սամիրը:

Երեկ դպրոցահասակ երեխաների ծնողները դիմել են երկրի Լուսավորության նախարարությանը` միջանկյալ քննությունների անցկացումը հետաձգելու խնդրանքով: Սակայն նախարարությունը չի ընդառաջել նրանց խնդրանքին, չնայած նրան, որ դպրոցների մեծ մասը չի ջեռուցվում:

Օդերևութաբանական կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն` ցրտերը կտևեն ևս երկու շաբաթ: