Ֆինլանդիայում նախագահական ընտրություններ են
Ֆինլանդիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որին մասնակցում 8 խորհրդարանական կուսակցությունների կողմից առաջադրված ութ թեկնածու: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, ընտրություններին կարող են մասնակցել 4.4 մլն մարդ, որից 1.3 մլն-ն իր ընտրությունը կատարել է վաղաժամկետ:
Նորընտիր նախագահը կպաշտոնավարի վեց տարի: Սպասվում է, որ քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր երեկոյան, ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ անց: Կարծիք կա, որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի ընտրությունների հենց առաջին փուլում հավաքել կեսից ավելի ձայներ, այդ իսկ պատճառով նրանք չի բացառվում փետրվարին ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Հարցումների համաձայն` ֆինն ժողովրդի 25-30 տոկոսը դեռ չի կողմնորոշվել իր ընտրության մեջ:
Նախագահական մրցավազքի ֆավորիտ է համարվում չափավոր պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցության 63-ամյա թեկնածու Սաուլի Նիինիստոն: Հարցման համաձայն` նրան է նախընտրում բնակիչների մոտ 29 տոկոսը: Իսկ Gallup-ի հարցումների համաձայն` նրա թեկնածությանն աջակցում է հարցվածների 39 տոկոսը:
Ինչպես նշում են ֆինն վերլուծաբանները, եթե Նիինիստոն հաղթի, ապա առաջին անգամ 1946 թվականից ի վեր նախագահի պաշտոնում կլինի պահպանողականների ներկայացուցիչը: Նա իր քաղաքական կարիերայի ընթացքում զբաղեցրել է արդարադատության և ֆինանսների նախարարի, խորհրդարանի նախագահի, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի պաշտոնները:
Հարցումների համաձայն` երկրորդ տեղի համար պայքարը հավանաբար կընթանա «Կանաչների միություն»-ից 53-ամյա Պեկա Խաավիստոյի և կենտրոնական կուսակցությունից 65-ամյա Պաավո Վյայուրյունենի միջև:
Պաշտոնից հեռացող Տարյա Հալոնենը Ֆինլանդիայի նախաահի պաշտոնում ընտրվել է 2000 և 2006 թվականներին:









