Կոսովոյի ալբանացիները կրկին արգելափակում են Սերբիայի սահման տանող ճանապարհները

19:45 • 22.01.12

Կոսովոյի ալբանացիների «Ինքնորոշում» ընդդիմադիր արմատական շարժումը նորից արգելափակել է Կոսովո-Սերբիա սահման տանող ճանապարհները, հաղորդում են Կոսովոյի ԶԼՄ-ները: Այս ակցիան տեղի է ունենում ցուցարարների և ոստիկանների զանգվածային բախումներից ընդամենը մեկ շաբաթ անց:

Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերից 14-ը զբաղեցնող «Ինքնորոշում» ընդդիմադիր շարժման հազարավոր կողմնակիցներ արգելափակել են Սերբիայի հետ վարչական սահմանին գտնվող «Մերդարե» և «Բելա Զեմլյա» հսկիչ-անցագրային կետեր տանող ճանապարհները: Նախորդ անգամ` հունվարի 14-ին, նման ակցիան հանգեցրել էր բախումների, ինչի հետևանքով 30 ոստիկան և 50 ցուցարար էր վիրավորվել: Իսկ ակցիայի 146 մասնակիցներ, այդ թվում` նաև պատգամավորներ ձերբակալվել էին, սակայն հարցաքննությունից հետո նրանց մեծ մասին բաց էին թողել: 

«Ինքնորոշման» ակտիվիստները ճանապարհների արգելափակումով փորձում են կանխել սերբական արտադրանքի ներմուծումը իրենց երկիր, իշխանություններից պահանջում փոխադարձության սկզբունքով հարաբերվել Սերբիայի հետ` քաղաքական և առևտրա-տնտեսական շփումներում:
«Ինքնորոշման» առաջնորդ Ալբին Կուրտին խոստացել է, որ այս անգամ ակցիան խաղաղ բնույթ է կրելու: