ԱՄՆ-ը սպառնացել է մինչև հունվարի վերջ փակել Սիրիայում իր դեսպանատունը

17:08 • 22.01.12

Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը կարող է փակվել մինչև ընթացիկ ամսվա վերջ: Այս մասին այսօր գրել է սիրիական «Ալ Վաթան» անկախ թերթը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է սիրիական կառավարությանն ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու պահանջով` կապված «երկրում իրավիճակի վատթարացմամբ»:

Թերթը գրել է, որ հունվարի վերջը հայտարարության մեջ նշվում է որպես վերջնաժամկետ, որի ընթացքում սիրիական իշխանությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

«Եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն մինչև նշված ժամկետը, ապա դեսպանատունը կփակվի», -ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է նաև, որ Դամասկոսի կենտրոնում գտնվող ամերիկյան դեսպանատան աշխատակազմի թիվը վերջին տասնամյակներում առաջին անգամ հասցվել է նվազագույնի: Դիվանագետներից ոմանք երկրի տարածքը լքել են վերջերս այստեղ իրականացված ահաբեկչությունների հետևանքով:

Հիշեցնենք, որ նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի և նրա հակառակորդների միջև բախումները շարունակվում են 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով`բախումների զոհ է դարձել ավելի քան 5 հազար մարդ: