Սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսի արվարձանը. կան զոհեր
Սիրիայի կանոնավոր բանակի դասալիքներից կազմված ապստամբական ջոկատը գրավել է Դամասկոսից հյուսիս- արևելք գտնվող Դումա քաղաքը: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալները, ապստամբների ու Սիրիայի անվտանգության ուժերի ջոկատների միջև դաժան մարտերի հետևանքով կան զոհեր: Ըստ իրավապաշտպանների` զոհվել է նվազագույնը 54 մարդ:
Մայրաքաղաք Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքում ապրում է շուրջ 120 հազար մարդ: Հունվարի 21-ին զինված բախումներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում, այդ թվում` Հոմսում:
Բռնությունների նոր ալիքի մասին հաղորդագրությունները ստացվում են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների` Սիրիայում իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստման ֆոնին: Փաստաթուղթն այսօր կներկայացվի Կահիրեում ԱՊԼ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Զեկույցի արդյունքներով կորոշվի առաքելության հետագա ճակատագիրը:
Նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի և նրա հակառակորդների միջև բախումները շարունակվում են 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով`բախումների զոհ է դարձել ավելի քան 5 հազար մարդ:









