Նիգերիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 215-ի
Նիգերիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Կանոյում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով «Լիդերշիփ» թերթին, մի շարք պայթյունների ու փոխհրաձգության հետևանքով քաղաքը «թաղվել» է դիերի մեջ:
Երեկ հայտարարված պարետային ժամը կրճատվել է` 24-ից հասնելով մինչև 11 ժամի: Նիգերիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ «բնակիչները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով` չվախենալով ոչնչից»: Չնայած դրան` անվտանգության ուժերի զինված աշխատակիցները պարեկային ծառայություն են իրականացնում քաղաքի փողոցներում:
Նիգերիայի իշխանությունների տեղեկության համաձայն` ուրբաթ մահապարտ- ահաբեկիչը ոստիկանական բաժանմունքի մոտ գործի է դրել պայթուցիկ սարք, պայթյուններ են որոտացել նաև այլ ոստիկանական տեղամասերի մոտ: Ընդհանուր առմամբ` որոտացել է մոտ 20 պայթյուն:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորումը, որի անդամները ձգտում են շարիաթի նորմեր մտցնել Նիգերիայի հյուսիսում: Նպատակին հասնելու համար նրանք հայտարարել են բազմաթիվ ահաբեկչությունների իրականացման մասին:









