Արտակ Նազարյանի գործը՝ ՍԴ –ում
2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավոր Սամվել Մարդանյանի դատական նիստերը Երևանից Տավուշի մարզ տեղափոխելու որոշումից բողոքում են թե´ մեղադրող , թե´ տուժող կողմերը և թե´ ամբաստանյալի հարազատները:
Tert.am-ի հարցին, թե մշակվե՞լ է այս ուղղությամբ գործողությունների ծրագիր, Արտակի քույրը` Ծովինար Նազարյանն ասաց. «Այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք վաղվա Սահամանադրական դատարանի նիստի վրա»:
Հիշեցնենք, որ տուժող կողմը բողոքարկել էր այն բանի սահմանադրականությունը, որ «նախաքննության գաղտնիություն» հասկացությունը վկայակոչելով՝ նախաքննական մարմինը քրեական գործի նյութերը չէր տրամադրում տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին: Արտակ Նազարյանի հարազատների բողոքարկումներն անցել են երեք դատական ատյաններով ` Ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների:
Ծովինար Նազարյանը հայտնեց նաև, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները առաջիկա հինգշաբթի՝ կառավարության նիստի և հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի մահվան փաստի առթիվ քրեական գործով անցնում է հինգ մեղադրյալ: Տուժողի իրավահաջորդների պնդմամբ՝ նախաքննության կողմից ինքնասպանություն որակվածն իրականում սպանություն է:









