ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը 2012-ին ևս շարունակելու՝ Չավուշօղլուի առաջարկի մասին որոշում դեռ չկա (լրացված)

19:39 • 23.01.12

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր առավոտյան տեղի է ունեցել ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, որը տհաճ անակնկալ է դարձել հայաստանյան պատվիրակության անդամների համար. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագծով Բյուրոյին առաջարկվել է ենթահանձնաժողովի աշխատանքը երկարաձգել ևս մեկ տարով: Առաջարկն արվել է ԵԽԽՎ այլևս նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլու կողմից:
Ինչպես Tert.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը սրան ընդդիմացել է՝ ասելով, որ հայկական պատվիրակությունը աննպատակահարմար է համարում այդ ենթահանձնաժողովի գործունեությունը: Քանի որ այսօր առավոտվա դրությամբ Բյուրոյի նիստը վարել էր Մևլութ Չավուշօղլուն, Բյուրոն որոշել է շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաև 2012-ին:
Սակայն քիչ առաջ, ի պատասխան հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հարցի՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ ենթահանձնաժողովի գործունեությունը շարունակելու վերաբերյալ որոշում դեռևս չկա և հայկական պատվիրակության անդամների տպավորությունը սխալ է:

ԵԽԽՎ –ում հայաստանյան պատվիրակության հանրապետական անդամ Հերմինե Նաղդալյանը Tert.am-ին ներկայացրեց այն ընթացքը, որ ունեցել է ԼՂՀ ենթահանձնաժողովի գործունեությունը ևս մեկ տարով երկարացնելու մասին առաջարկը։
Այսպես, երբ ԵԽԽՎ այլևս նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն հարցը բարձրացրել է, ինչից հետո հայաստանյան պատվիրակության անդամը դրա՝ օրակարգում ներառվելուն ընդդիմացել է նախ հարցը քվեարկության դնելու առաջարկով, ապա հայտարարել է, որ փակ դռների հետևում, այն էլ՝ ազգային պատվիրակությունների ղեկավարների բացակայությամբ չի կարող ենթահանձնաժողովի երկարաձգման հարց քննարկվել:

Նշենք, որ Բյուրոյի հիշյալ նիստին հրավիրված չեն եղել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները, ինչը Հերմինե Նաղդալյանը անընդունելի է որակել : Սրանից հետո Մևլութ Չավուշօղլուն փորձել է հարցը քվեարկության չդնել տեխնիկական պատճառներով, հակադարձել է, թե Բյուրոն ավարտում է իր աշխատանքը, ինչին ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասել է, որ աշխարհը չի փլվում, եթե Բյուրոն ավարտում է աշխատանքները:
Արդյունքում, հարցը մնացել է օրակարգում, ինչից հետո սկսել են բովանդակային քննարկումները: Հերմինե Նաղդալյանը Չավուշօղլուի նախագիծը համարել է շատ թույլ, ընդամենը մեկ նպատակ հետապնդող փաստաթուղթ: Այդ նպատակը մեկն է՝ մեկ տարով երկարացնել, ըստ Հերմինե Նաղդալյանի՝ այդ «մեռելածին» ենթահանձնաժողովի գործունեությունը և ընդամենը այդքանը:

Նաղդալյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ տարի շարունակ իրենց կողմից ներկայացվող փաստարկներին պատվիրակության մյուս անդամները չէին արձագանքում՝ կաշկանդված լինելով ԵԽԽՎ՝ այն ժամանակվա գործող նախագահի հետ աշխատանքով:

Նշենք, որ ավարտվում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբեգի պաշտոնավարման ժամկետը, և այդ պաշտոնում երեք թեկնածուները առաջադրված են Բելգիայից, Լիտվայից և Հոլանդիայից: