Մերձավոր Արևելքում ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Անդրեաս Ռայնիկեն
Գերմանացի դիվանագետ Անդրեաս Ռայնիկեն նշանակվել է Մերձավոր Արևելքում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ: Ինչպես գրում է գերմանական Sueddeutsche Zeitung –ը, նշանակումը դեռ պաշտոնապես տեղի չի ունեցել:
Ներկայում դիվանագետը շարունակում է աշխատել Սիրիայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի պաշտոնում: Գերմանական արտաքին գերատեսչությունում նա համարվում է մերձավորարևելյան հարցերով գլխավոր փորձագետը:
Այս պաշտոնում գերմանացի դիվանագետի ընտրությունը բացատրվում է նրանով, որ Գերմանիան վարում է առավել զուսպ քաղաքականություն` այն ընդգծում է հատուկ վերաբերմունք Իսրայելի հանդեպ, միևնույն ժամանակ պահպանում լավ հարաբերություններ Պաղեստինի ինքնավարության հետ:
1980-ականներին Անդրեաս Ռայնիկեն աշխատել է Թել Ավիվի դեսպանատանը, 2001-2004 թվականներին ղեկավարել պաղեստինյան Ռամալլահ քաղաքում գերմանական ներկայացուցչությունը, դրանից հետո նա չորս տարի գլխավորել է Գերմանիայի ԱԳՆ մերձավորարևելյան բաժինը:
2003-2011 թվականների ընթացքում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այս տարածաշրջանում եղել է բելգիացի Մարկ Օտեն: Նրա լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, Եվրամիությունն այս տարածաշրջանում մնացել էր առանց ներկայացուցչի: Մերձավորարևելյան հակամարտության լուծման վերաբերյալ եվրոպական երկրների տարբեր մոտեցումների պատճառով նոր ներկայացուցչի նշանակման հարցը կասկածի տակ էր:









