Մարտի 1-2- ի իրական պատասխանատուները չեն հայտնաբերվելու. Գագիկ Ջհանգիրյան

16:42 • 23.01.12

ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի ղեկավար, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Մարտի 1-2-ի դեպքերի» վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության այսպես կոչված՝ հանրային իրազեկման փաստաթղթի՝ զեկույցի վերաբերյալ 10 էջանոց փաստաթուղթ է կազմել:

Նախկին զինդատախազի համար անհասկանալի է, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքները, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են՝«օրենքով սահմանված կարգի խախտման զանգվածային միջոցառումներ», չնայած այն հանգամանքին, որ մինչև օրս որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. Օր.-ի 225 հոդվածի համապատասխան մասով, այսինքն՝ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար: Գագիկ Ջհանգիրյանի եզրահանգումը մեկն է. «Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը` օրինական ու իրավաչափ բնույթ»:

Գագիկ Ջհանգիրյանը խոսեց նաև այն մասին, որ ՀՔԾ-ն չի վիճարկել Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին հրամանը:

Նախկին զինդատախազը հակասահամանադրական է որակում այդ դեպքերի ժամանակ ՀՀ բանակի ներգրավումը մարտյան իրադարձություններին՝ ոստիկանության զորքերին կցումը:

Գագիկ Ջհանգիրյանի համար առավել անհասկանալի է , թե այդ հաղորդման մեջ ինչու է շրջանցվում մարտյան իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության հարցը: Փաստաթուղթն ամփոփելով՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն անտեսելով օրենքը և օրինականությունը, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-ի և 2-ի դեպքերի իրական պատասխանատուները , այդ թվում՝ սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու»: