Մուամար Կադաֆիի որդուն հայրենիքում կդատեն

17:15 • 23.01.12

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) թույլատրել է Մուամար Կադաֆիի որդու` Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը Լիբիայում անցկացնել, և ոչ Հաագայում: Այս մասին այսօր հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարար Ալի Խալիֆ Աշուրը:

«Լիբիան անցած ուրբաթ դիմել էր Միջազգային քրեական դատարան` Սեյֆին հայրենիքում դատելու խնդրանքով, և ՄՔԴ-ն ընդառաջել է»,- Reuters գործակալությանն ասել է Աշուրը:

Միևնույն ժամանակ Հաագայի դատարանում վստահեցրել են, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ, թե որտեղ են դատելու Կադաֆիի որդուն:

Հաագայի դատարանը նախորդ տարվա հունիսին Սեյֆ ալ Իսլամին ձերբակալելու օրդեր էր տրամադրել`  Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Այժմ 39-ամյա Սեյֆ ալ Իսլամը գտնվում է Տրիպոլիից հարավ- արևմուտք ընկած Զինթան քաղաքի զինվորական դատարանի մեկուսարանում: