Սոցիալական ցանցերը կդժվարացնեն կեղծել ընտրությունները. Հակոբ Ավետիքյան
Առաջիկա ընտրությունները չեն լինելու նախորդների պես: Այսօր լրագրողներ հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ըստ նրա՝ եղած նորությունը ինտերնետային դաշտն է, մասնավորապես, սոցիալական ցանցերը, որտեղ ամեն մի մանրուք ֆիքսվում է՝ դժվարացնելով ծածկել ընտրությունների կեղծիքները: «Կեղծիքների հատկանիշներ ոչ թե չեն լինի, այլ նախկինի նման չեն լինի, քանի որ կլուսաբանվեն»,- հսատկեցրեց նա:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն այլ կարծիքի էր: Նրա համոզմամբ՝ եղած մեծաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցները փոխարենը օգնելու, ընդհակառակը խանգարեցին դաշտի ձևավորմանը: «Եթե վերլուծենք առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, դա մեկը մյուսի դուբլն է, որը չի համապատասխանում նորմալ զարգացմանը»,- ասաց նա: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում գոյություն ունի ավելի քան 970 կայք, 46 հեռուսատատեություն, միայն Երևանում օրաթերթերի թիվը հասնում է 12-ի: «Ա1+»-ի տնօրենը հարց է տալիս, արդյոք այս պայմաններում որակն է կարևոր, թե քանակը, այն դեպքում, երբ ըստ նրա՝ դաշտը մոնոպոլիզացված է, իսկ լրատվամիջոցների հիմնական մասը վերահսկվում են:
Մեսրոպ Մովսեսյանը նկատեց, որ այս պարագայում էլեկտրոնային դաշտում իսկական խառանշփոթ է տիրում և դրանից շահում է մեկ հոգի: «Մամուլը պետք է արձագանքի հասարակության պահանջներին և պատասխանի «ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» հարցերին, մինչդեռ այստեղ միայն տեսնում ենք «ով» և «ում հետ» հարցերը»,- ասաց նա:
Հակոբ Ավետիքյանն էլ գնահատելով ընտրություններին ԶԼՄ-ների դերը հայտարարեց, որ ընտրություններից առաջ լրատվամիջոցներից մեծ մասը շփում են իրենց ձեռքերը, քանի որ պատվերների հոսք կստանան:









