Նախնական դատական նիստ` Սաքունցն ընդդեմ Վլ. Գասպարյանի գործով

17:31 • 23.01.12

2012թ. հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» (ՀՔԱ) հասարակական կազմակեպության հայցի նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները: Հայցվորը հատուցում է պահանջում պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության` www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետևյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում:

Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Հայցադիմումի մեջ նշվում է, որ Վ. Գասպարյանն իր ելույթներում միևնույն ժամանակ առանց ուղղակիորեն անուններ նշելու (սակայն իր խոսքից արդեն իսկ պարզ է՝ ում մասին է խոսում), վիրավորում է նաև քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ և համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների, ինչպես նաև բանակում մահացությունների թվին, դրանց անարդյունավետ քննությանը և մեղավորներին չպատժելուն:

Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել»,- ասել էր Գասպարյանը:

«…Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները է՞լ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:

Կազմակերպությունը գտնում է, որ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:

Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:

«Վլադիմիր Գասպարյանին մեր կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա»,- ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունում: