Ոստիկանությունը փորձարկում է հիբրիդային շարժիչով մեքենաներ

14:39 • 23.01.12

ՀՀ ոստիկանության պատվերով Ամանորից առաջ Հայաստան էր ներկրվել ՃՈ մեկ հիբրիդային շարժիչով մեքենա: Էկոլոգիապես ավելի մաքուր այս մեքենաների շարժիչը աշխատում է երկու ռեժիմով՝ մինչև 50 կիլոմետր արագության դեպքում հոսանքով, իսկ ավելի մեծ արագությունների ժամանակ ավանդական վառելիքով՝ բենզինով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ նպատակը մեկն է՝ պարզել, թե որքանով է ՃՈ համակարգում արդյունավետ հիբրիդային շարժիչով մեքենաների օգտագործումը, և դրանց ՕԳԳ-ն պարզելուց հետո պետք է որոշվեր՝ համալրե՞լ ոստիկանության ավտոպարկը հիբրիդային շարժիչով մեքենաներով, թե ոչ:

Այս պահին ամփոփ վերլուծություն չկա, սակայն Հայաստան է բերվել հիբրիդային շարժիչով երկրորդ մեքենան, Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ոստիկանությունից չհաջողվեց պարզել հիբրիդային շարժիչով մեքենաների ձեռքբերման հստակ արժեքը։ Նշենք միայն, որ եվրոպական երկրներում նմանատիպ մեքենաների միջին շուկայական գինը մոտ 30-35 հազար ԱՄՆ դոլար է: