Ադրբեջանը և Հայաստանը հայտարարել են Ղարաբաղի հարցում ծայրահեղ դիրքորոշումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին. Լավրով
Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են ծայրահեղ դիրքորոշումներից հրաժարվելու և իրենց դիրքորոշումները մերձեցնելու հարցում ջանքերի շարունակման անհրաժեշտության մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այս խոսքերը փոխանցում է РИА Новости-ին:
«Կողմերը ընդհանուր ըմբռնում են արձանագրել, ինչը հետագա առաջընթացի համար, իսկ դա ակներև է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, հետ կանգնել մաքսիմալիստական դիրքերից», - լրագրողներին ասել է Լավրովը հանդիպման ավարտից հետո:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանը քննարկվել է «հարցերի ողջ կոմպլեքսը, որոնք առայժմ չհամաձայնեցված են մնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների նախագծում»:
Նախագահները նաև «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ հարցերի շուրջ, եզրակացություն է արվել, որ աշխատանքը պետք է շարունակել», - հավելել է Լավրովը:
«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել արագացնել աշխատանքը ընդհանուր սկզբունքների վրա, որպեսզի հետո այդ բազայի հիման վրա անցնեն իրավական առումով պարտավորեցնող խաղաղության համաձայնագրին»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը` վերահաստատելով, որ Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ:









