Հյուսիսային պողոտայի շենքերը սեյսմակայուն են, իսկ թերությունները` շինարարներինը. Նարեկ Սարգսյան

19:19 • 23.01.12

Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերի նախագծերն արված են սահմանված ընթացակարգերով և սեյսմակայուն են, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգյանի անունից Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

«Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերի նախագծերն արված են սահմանված ընթացակարգերով , անցել են բոլոր համապատասխան փորձաքննությունները , երկրաշարժակայուն են և սեյսմակայուն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերի մայթերի իջվածքների լուսանկարներ՝ հարցադրմամբ, թե այս կապակցությամբ ինչ պետք է ասի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով համարվում է Հյուսիսային պողոտայիի գաղափարախոսության հեղինակը:

«Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի մայթերի իջվածքներին, ապա մայրաքաղաքի տարբեր հատվածներում ևս նույնաբնույթ իջվածքներ կան, և դրանք զուտ շինարարական աշխատանքների թերությունների հետևանք են և բացարձակապես կապ չունեն շենքերի կոնստրուկտիվ անվտանգության հետ»,- ավելացրեց ՇուշանՍարդարյանը:

Նշենք, որ ճարտարապետներից մի քանիսը վստահեցնում են, որ Հյուսիսային պողոտայի շենքերը տարիների ընթացքում խնդրահարույց են դառնալու: Տարածքի բնակիչներն իրենց հերթին անհանգստացած են այն լուրերով, թե Հյուսիսային պողոտայի շենքերի համար գործող կոյուղատարերը նախատեսված են ոչ թե նման բարձրահարկ շենքերի յլ` այդ տարածքի նախկին միահարկ տների կոյուղաջրերի հեռացման համար: