Մոսկվան քննադատում է Իրանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները
«Թեհրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները հղի են իրանական խնդրի հարցում քաղաքական-դիվանագիտական, այդ թվում և «վեցնյակի» ձեռնարկած ջանքերն ի չիք դարձնելու վտանգով», ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Առավելագույն զսպվածություն և զգուշավորություն ցուցաբերելու փոխարեն, ինչի կոչով մենք բազմիցս դիմել ենք բոլոր ներգրավված կողմերին, Եվրամիության երկրները այնպես են գործում, որ ընդհանուր հակամարտային տոնը միայն ուժգնանում է», - ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության տեքստում:
Եվրամիության 27 երկրները Բրյուսելում կայացրած հանդիպմանը համաձայնություն են ձեռք բերել փուլ առ փուլ էմբարգո մտցնել իրանական նավթի դեմ: Ըստ այդ ծրագրի` մինչև այս տարվա հուլիսի 1-ը Եվրամիության բոլոր երկրները պետք է դադարեցնեն նավթի ներմուծումն Իրանից:
Ըստ ռուսական ԱԳՆ-ի, տվյալ քայլը իրենից ներկայացնում է «բացահայտ ճնշում և դիկտատ» և «Իրանին «պատժելու» ձգտում»: Մոսկվայում գտնում են, որ նման ճնշման տակ Իրանը ոչ մի զիջման չի գնա:









