Ո՞վ է պատասխանատու դատարանից ամբաստանյալի փախուստի համար. Ոստիկանությու ՞նը, թե՞ ՀՀ դատական դեպարտամենտը
Oրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ձերբակալված Էդմունդ Ծատուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 355–րդ հոդվածի 1-ին մասով: Այն է՝ փախուստ ազատազրկման վայրից, ժամանակավոր պահման մեկուսարանից, դատարանի դահլիճից: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գողության կասկածանքով ձերբակալված Էդմունդ Ծատուրյանին հաջողվել էր փախչել դատարանի զուգարանի պատուհանից. կասկածյալը նախ իրեն ուղեկցող ոստիկանին խնդրել էր իրեն ուղեկցել զուգարան, ապա նրանից զուգարանի թուղթ էր խնդրել։ Երբ վերջինս շրջվել է պահանջվածը գտնելու համար, Ծատուրյանը պատուհանով փախել է։ Ծատուրյանին հետապնդել են, սակայն չեն կարողացել բռնել։
Ոստիկանությունում փաստի առթիվ նշանակված է ծառայողական քննություն, այդուհանդերձ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության լիազորությունները ավարտվում են դատարանի դահլիճի տարածքում, որտեղ ամբաստանյալների, կասկածյալների անվտանգության և պահպանության համար պատասխանատվությունը դատական կարգադրիչների վրա է: Սա, ըստ իրավաբան Հակոբ Ճարոյանի՝ կարգավորվում է Դատական օրենսգքրի դատական կարգադրիչների պարտականությունների մասին և ՔԿՀ –ների մասին օրենքով:
ՀՀ դատական դեպարտամենտի լրատվության վարչությունից ի պատասխան հայտնեցին, որ այս մասին ավելի ուշ հանդես կգան մամուլի հաղորդագրությամբ:









