Ազգային հարցի սրման հետ են բախվել նաև ամենազարգացած երկրները. Պուտին

14:24 • 23.01.12

ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հրապարակել է իր նախընտրական հոդվածի երկրորդ մասը, որն ամբողջովին նվիրված է ազգային հարցին:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ լրջագույն ռիսկեր են կուտակվում այստեղ: Այսօրվա իրականությունը միջէթնիկ և միջկրոնական լարվածություններն են: Ազգայնականությունը, կրոնական անհանդուրժողականությունը դարձել են ծայրահեղական խմբավորումների գաղափարական հենքը»,- ընդգծել է Պուտինը: Ըստ նրա` ազգային հարցի սրման հետ են բախվել նաև ամենազարգացած երկրները: «Սա լրջագույն հարց է, որը սպառնում է Եվրոպային և աշխարհի մյուս տարածաշրջաններին»,- ասել է նա:

Սակայն Պուտինը նշել է, որ Ռուսաստանում «սկզբունքորեն այլ իրավիճակ է», «այստեղ ազգային ու միգրացիոն խնդիրները կապված են ԽՍՀՄ փլուզման հետ»:

Նրա կարծիքով` պատմական Ռուսաստանը ոչ էթնիկ պետություն է և ոչ էլ «ձուլման կաթսա», որտեղ բոլորը միգրանտներ են: Ռուսաստանն, ըստ նրա, «ստեղծվել ու դարեր ի վեր զարգացել է որպես բազմազգ պետություն»:

Պուտինի խոսքով` այսօր բարձրաձայնվող «Հերիք է կերակրել Կովկասը» կարգախոսին վաղը կհաջորդեն «Հերիք է կերակրել Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Ուրալը…..»: «Այսպես են մտածել նրանք, որոնց գործողությունները հանգեցրին ԽՍՀՄ փլուզման: Քաղաքակրթության ամրապնդումը համարվում է ռուս ազգի գլխավոր առաքելությունը»,- ասել է նախագահի թեկնածուն:

Նա հանդես է եկել հատուկ կառույց ստեղծելու առաջարկով, որը կզբաղվի ազգային զարգացման և միջազգային բարեկեցության հարցերով, ինչպես նաև առաջարկել է խստացնել գրանցման կանոնները: Վարչապետն իր հոդվածում նշել է, որ այդ հարցը Ռուսաստանի «հիմնաքարն» է, քանի որ «միջազգային համաձայնությունից է կախված պետության գոյությունը»: