Ռումինացի նախարարը հեռացվել է պաշտոնից` ցուցարարներին «անգործներ» անվանելու համար

18:05 • 23.01.12

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին պաշտոնից հեռացվել է: Ինչպես հայտնել է վարչապետ Էմիլ Բոկը, ելույթ ունենալով երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում, հրաժարականի պատճառը Բակոնսկու` ցուցարարների հասցեին հնչեցրած կտրուկ հայտարարություններն են:

Իր բլոգում արդեն նախկին նախարարը ծաղրել էր նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը` դրանք անվանելով Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկու «կապրալներ և լեյտենանտներ»: Նա ընդդիմադիներին անվանել է նաև «անգործներ, ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:

«Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների`  ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախորդ շաբաթ մի քանի օր շարունակ անցկացվել են զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում տուժել է մի քանի տասնյակ մարդ: Հանրահավաքի մասնակիցներն այդ քայլով իրենց դժգոհությունն են հայտնում իշխանությունների կողմից ողջունված տնտեսության նոր միջոցառումների և առողջապահության համակարգի բարեփոխումների կապակցությամբ: