Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը (ուղիղ)
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում, մեկնարկել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը (օինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված Ֆրանսիայում):
Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։ Իսկ դեկտեմբերի 18–ին ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց օրինագիծը՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է (հիմնական պատճառաբանությունն այն էր, թե ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում «ճիշտ չէ»)։ Հանձնաժողովականների մերժումը, սակայն, չարգելափակեց օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը Սենատի լիագումար նիստում: Ֆրանսիացի սենատորները, սակայն, այսօր նախ քվեարկության կդնեն հանձնաժողովի վերոնշյալ մերժումը, դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն կանցնեն օրինագծի քվեարկությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրինագծի քննարկումն ուղիղ եթերում հեռարձակում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը։ Օրինագծի քննարկմանը կարող եք հետևել նաև այստեղ.









