Ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունման առաջին արգելքը հաղթահարված է. այն կդրվի քվեարկության (ուղիղ)
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում, շարունակվում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի քննարկումը։
Քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան մեկ տասնյակից ավելի սենատորներ՝ իրենց դիրքորոշումը հայտնելով վերոնշյալ օրինագծի առնչությամբ։
Այնուհետ քվեարկության դրվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը (դեկտեմբերի 18–ին վերոնշյալ օրինագիծը ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է (հիմնական պատճառաբանությունն այն էր, թե ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում «ճիշտ չէ»))։
Սենատորները քվեարկության ժամանակ իրենց անհամաձայնությունը հայտնեցին Իրավական հարցերով հանձնաժողովի որոշմանը։ Իսկ դա նշանակում է, որ օրինագիծը կարող է դրվել քվեարկության։
Սպասվում է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը քվեարկության կդրվի քիչ անց։









